Tuesday, December 10, 2013

Ձյուն...

Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով` փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն...
Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում...
Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ, ախ, շուտով կդադարի,
Հայտնվի’ր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում...
Ձյու’ն, սպիտա’կ ձյուն, մեղքերիս բե’ր թողություն,
Սպիտա’կ ձյուն, իմ ճերմակ քնքուշություն,
Սպիտա’կ ձյուն, իմ ճերմակ մանկություն….
Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն...


Ռ.Հախվերդյան

Հեքիաթը սկսվեց...

Ամեն անգամ ձյան գալուստը մի նոր հեքիաթ է բերում մեզ` կյանքի սովորական առօրյայից երբեմն կտրվել ցանկացող և ավելիին  սպասող էակներիս : Հեքիաթ, որ կպարուրի մեզ ճերմակ քողով ու կտանի հեռու~  հեռու շինծու  իրականությունից..
Ձյունը նորից հանդարտ իջնում է...խոսում մեր սրտերի հետ` առանց եթեների, առանց բայցերի...նորից հիշեցնում է,որ մենք էլ հեքիաթի մի մասնիկն ենք...
Սիրում եմ ձյունը`իր հանդարտությամբ,խենթությամբ...

Ուզում եմ այն մաքրի մեզ.. լցնի մեր սրտերը ավելի լավի սպասումով.. դարձնի մեզ ավելի բարի ու հադուրժող...հանի մեր մեջ բույն դրած չարությունն ու նախանձը... 
Հույս ներշնչի...
Մարդիկ երբեմն այնքան չար ու դաժան են` իրար հանդեպ..բնության հանդեպ..իրենք իրենց հանդեպ.. Երբեմն թվում է,աշխարհում այլևս ոչ մի կաթիլ բարություն չի մնացել..բոլորն ապրելու գերագույն իմաստ են դարձրել ուրիշների վրայով քայլելը..ուրիշների ցավով հրճվելը... Չկա կարեկցանք, չկա հոգի...
Ամեն անգամ ձյան գալուստն ինձ այնքան է ոգևորում...հենց այդ ժամանակ եմ ես հեքիաթներին կուրորեն հավատացող մանուկի պես հույսով լցվում,որ ամեն ինչ փոխվելու է` մարդիկ` ձյան պես մաքուր ու ջինջ սիրով են լցվելու...կյանքը երազ է դառնալու...
Այսօր ես էլի հավատում եմ...