Saturday, August 3, 2013

Փոքրիկի սնունդը

Փոքրիկ երեխայի օրգանիզմը շատ նուրբ և զգայուն կառուցվածք ունի: Այն, թե ինչ կուտի երեխան կյանքի առաջիկա երեք տարում մեծ նշանակություն կունենա ապագայում նրա առողջության վրա: Հոգացեք, որպեսզի երեխան ստանա միայն ամենաթարմ և օգտակար սնունդ: Nestle-ի գիտական խորհրդատուները մշակել են կերակրման ճիշտ պլան, որը կօգնի ծնողներին կողմնորոշվել, թե ինչպես կերակրել երեխային կյանքի տարբեր ժամանակահատվածներում, որպեսզի նա մեծանա առողջ և ճիշտ զարգանա:




Առաջին ամիսներ ( 1-4 ամսեկան)

Առաջիկայում օրվա մեծ մասը փոքրիկը քնած է անցկացնում, իսկ երբ արթնանում է, ուտում է: Միայն այս շրջանում է երեխան այդքան արագ մեծանում` ամեն ամիս փոքրիկի հասակը ավելանում է 3սմ-ով, իսկ քաշը 600գր-ով: Փոքրիկը ակտիվորեն զարգանում և նոր հմտություներ է ձեռք բերում:

Արդեն երրորդ շաբաթում նա կարող է իր հայացքը ֆիքսել անշարժ իրերի վրա, իսկ փորիկի վրա պառկած լինելով ոչ միայն կփորձի թեքել գլուխը, այլ նաև կփորձի բարձրացնել այն և պահել մի քանի վարկյանով: Այն ամենը, ինչ հիմա անհրաժեշտ է ձեր փոքրիկին կա մայրական կաթի մեջ: Այն փոքրիկի համար լավագույն սնունդն է, ինչպես նաև պաշտպանություն զանազան հիվանդություններից:  

Առաջին փուլ (4-6 ամսեկան)

Ձեր փոքրիկը արդեն մի քիչ մեծացել է: Նա ակտիվորեն ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրին և նույնիսկ սկում է «բլբլալ», կրկնում է իր լսած ձայները, աստիճանաբար հասարակ ձայներից անցնում է ավելի բարդ ձայների «գու-գու», «աղու», «հա-հա»:

Երեխայի մոտ արդեն ձևավորվել է մարսողական համակարգը` ստամոքսը մեծացել է, ամրապնդվել են երիկամները, վերափոխվել են աղիները: Ծծողական ռեֆլեքսը աստիճանաբար նվազում է և փոխարինվում է ծամողական ռեֆլեքսով: Ժամանակն է փորձել փոքրիկին սնունդ տալ գդալով:

Երկրորդ փուլ (6-8 ամսեկան)

Ձեր փոքրիկը արդեն յոթ ամսեկան է, նա կարողանում է չոչ անել և հայացքով փնտրում է իր խաղալիքները, երբ կորցնում է դրանք իր տեսադաշտից: Շատ շուտով կերևա առաջին ատամը, իսկ դա նշանակում է. Որ արդեն նոր ուտեստներ փորձելու ժամանակն է: Այժմ փոքրիկին կարելի է առաջարկել շիլաներ, համեղ կաթնային դեսերտներ և նույնիսկ շատ մանր աղացած միս:


Համաձայն դիետոլոգների կարծիքի, այս տարիքից սկսած մայրիկները կարող են փորձել փոքրիկներին օրեկան հինգ անգամ կերակրել:

Այս տարիքում փոքրիկը շատ շարժունակ է դառնում` չոչ է անում, նստում, պառկում: Նա ամեն ինչ փորձում է իր ձեռքերով վերցնել: Թույլ տվեք երեխային ինքնուրույն փորձել ուտել` դա օգնում է փոքրիկին զարգացնել ձեռքերի շարժունակությունը և երևակայությունը:

Երրորդ փուլ (8-12 ամսեկան)

Այս շրջանում երեխաների քաշը ամսեկան ավելանում է մոտ 500գր-ով, իսկ հասակը 2սմ-ով: Աճի տեմպերը մի քիչ նվազում են, փոխարենը արագ զարգանում են ֆիզիկական հմտությունները և հոգեբանությունը: Սա յուրահատուկ և շատ կարևոր շրջան է, երբ բացահայտվում է փոքրիկի ինքնությունը և նա սկսում է ցուցաբերել իր հմտությունները:

Փոքրիկը արդեն ծանոթ է մրգերի և բանջարեղենի հետ, այդ պատճառով մյուս ամիսների ընթացքում նա կհամտեսի արդեն ծանոթ ճաշատեսակները, սակայն փոքրիկ կտորներով: Այս տարիքում փոքրիկը արդեն կարողանում է տարբերել և գնահատել համերի և մթերքի համակցությունը: 

Չորրորդ փուլ (12 ամսեկանից բարձր)

Որքան ուրախալի և հաճելի իրադարձություններ են տեղի ունեցել ձեր կյանքում երեխայի ծննդից հետո: Առաջին ժպիտը, առաջին խոսքերը, առաջին ատամները, բլբլոցը, որը հիմնականում կազմված է առանձին ձայներից կամ վանկերից:

Սակայն, եթե ձեր փոքրիկը շուտով մեկ տարեկան է դառնում և դեռ չի խոսում, պետք չէ անհանգստանալ, երեխաների մեծ մասը սկսում են խոսել մեկ տարեկանից հետո: 

Մանկաբույժները խորհուրդ են տալիս ծնողներին չշտապել երեխային կերակրել նույն սնունդով, որից օգտվում են մեծերը: Չէ որ մեկ տարեկան և բարձր երեխաների մարսողական համակարգը տարբերվում է մեծահասակի մարսողական համակարգից: Հետևեք առողջ սննդի և ճիշտ պատրաստման պարզ կանոնների և ամեն ինչ բարեհաջող կանցնի:

Եվ, իհարկե, յուրաքանչյուր տարիքում շատ կարևոր է, որ երեխայի շուրջը ստեղծվի հարմարավետ ընտանեկան միջավայր: Շատ կաևոր է, որ փոքրիկը չզգա ոչ մի անհարմարավետություն, միշտ լինի սիրված և երջանիկ:

Նյութը վերցված է  mybaby.am  կայքից

Պետք չէ թունավորել երեխաներին գունեղ սննդով

Վերջերս չափազանց շատ եմ ականատես լինում դեպքերի, երբ երեխաները չարաշահում են   առանց այդ էլ  իրենց համար  շատ վտանգավոր, անգամ հակացուցված սննդի ու խմիչքի  օգտագործումը:


Սարսափելի է անգամ պատկերացնել այն տեսարանը եվ  հիստերիայի նոպաները, որ փոքրիկները սարքում են իրենց պահանջած կոնֆետը կամ գազավորված ըմպելիքը չստանալու դեպքում: Զարմանում եմ ուղղակի, ինչպես են ծնողները երեխաներին անգամ մոտ թողնում այդ չարիքներին, որ նույնիսկ մեծերի կյանքի համար է երբեմն վտանգավոր լինում:
Ստացվում է, որ երկու դեպքում էլ երեխայի առողջությանը մեծ վնաս է հասցվում. մի դեպքում փոքրիկի «խաթրով գնալու» համար տալիս են նրան այն՝ ինչ պահանջում է, վնաս հասցնելով  նրա՝ դեռ զարգացման փուլում գտնվող օրգանիզմին, իսկ մյուս դեպքում մերժում են՝ դառնալով նրա շարունակական լացի, հիստերիայի նոպաների ու ագրեսիվության պատճառ:

Հաճախ եմ լսում.«ախր տես ոնց է ուզում,ո՞նց մերժեմ»,- արտահայտությունը:
Պարզ չէ՞, որ եթե փոքրիկը փորձած ու հավանած չլիներ,նրա համար այդքան ցանկալի չէր դառնա տվյալ կոնֆետը կամ ըմպելիքը:
Թվում է՝ ելք չկա: Իրականում այս ամենից կարելի  է խուսափել  գրագետ ու ճիշտ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ, դեռևս երեխայի զարգացման ամենավաղ փուլում, չդարձնելով նրան այն բոլոր վատ ու վտանգավոր սովորությունների գերին, որոնց դեմ հետո ստիպված կլինեք պայքարել:
Կարծում եմ  գրագիտության ու վտանգի զգացողության պակասից է միայն, որ մեր որոշ «խելոք» մեծերը երեխային կարող են ալկոհոլ տալ,մեկնաբանելով, որ մի կաթիլը նրան ոչինչ չի անի, ավելին՝ հանգիստ մուշ-մուշ կքնի:Մանկահասակ երեխաներին հատկապես հեշտ է «խաբել» նաև տարատեսակ  «համեղ ու գունավոր»  թույներով՝ գազավորված ըմպելիքներ, մաստակներ, անորակ շոկոլադ, թխվածք, պաղպաղակ,չիփսեր, ձողիկներ....



Այդ պահին  թվում է, թե բոլորը գոհ են՝ երեխան «սնվում» է, ամենակարեվորը՝ ԼՈՒՌ Է, չի լացում, չի բողոքում, իսկ ծնողները հանգիստ կարող են զրուցել ու զբաղվել իրենց գործերով: Իրականում ծնողներն իրենք իրենց ձեռքով երեխային հանձնում են ամենավտանգավոր թշնամու՝ կախվածության ձեռքը, որից ազատվելը հետագայում նրանց համար դառնալու է մեծ գլխացավանք, անհավասար պայքար, որ ոչ միշտ է ունենում դրական ավարտ՝ ի օգուտ առողջ փոքրիկի եվ անհոգ ծնողի:




Ավելորդ եմ համարում անգամ խոսել վերոհիշյալ սննդամթերքների վնասակար ազդեցության մասին, քանի-որ համոզված եմ՝ յուրաքանչյուրիս է հայտնի հենց օրինակ գազավորված ըմպելիքների բթացնող ազդեցությունը և այն, որ այս ըմպելիքները վատ ազդեցություն են ունենում հատկապես հիշողության,ընկալելու ունակության եվ  ուղեղի զարգացման վրա: Կամ, օրինակ, ու՞մ հայտնի չե ճարպակալմանը և օրգանիզմում խոլեստերինի ավելացմանը նպաստող շոկոլադե սալիկների, չիփսերի ու դոնաթսների վնասակար  ազդեցությունը:
Ցանկացած պարագայում,սնունդ ընտրելիս, լինի դա մանկիկի, թե մեծահասակի համար, պետք է լինել առավելագույնս զգոն և  խելամիտ, հետևել ժամկետների ճշգրտությանն ու բաղադրիչների թարմությանը:
Իսկ երեխաների պարագայում եկեք փոքր ինչ ավելի հետևողական լինենք. չէ՞  որ նրանց օրգանիզմը դեռ շատ փխրուն է ՝ բարենպաստ միջավայր տարատեսակ հիվանդությունների ու վարակների առաջացման ու զարգացման համար:
Եվ  ի վերջո՝  երեխան երեխա է, պատասխանատուն այս դեպքում մենք ենք՝ մեծերս:


Thursday, August 1, 2013

Մի քիչ պոզիտիվ..



Պետք չէ տխրել դատարկ բաների կամ մարդկանց պատճառով... Պետք է միշտ ուրախանալ, նրանով, ինչով կարող ես...նրանով, ինչն այդ պահին քեզ կարող է ժպիտ պարգեվել...
Չարժե կորցնել երջանկությունը վայելելու թանկ րոպեները անիմաստ մանրուքների վրա կենտրոնանալով, անգամ եթե այդ պահին դրանք մանրուքներ չեն թվում...
Չարժե նեղանալ այն մարդկանցից,ովքեր խանգարում են քո ուրախությանը, ովքեր իրենց արարքներով ու խոսքերով փչացնում են տրամադրությունդ, կոտրում ոգևորվածությունդ...
Նման մարդկանց ուղղակի պետք է անտեսել ու պետք չէ կարևորություն տալ նրանց խոսքերին...
 Ժպտալ է պետք, երազել, ապրել, գնահատել կյանքի ամեն մի վայրկյանը, չնկատել վատը եվ միշտ ու ամեն ինչում գտնել դրականը ու կառչել դրանից...