Tuesday, March 4, 2014

Մեծ Պահքի բոլոր օրերի հոգևոր խորհուրդները...

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 2-ին (բուն բարեկենդան) և ավարտվում է ապրիլի 20-ին (Սուրբ Հարության տոն, Զատիկ)։

#1 Օրվա խորհուրդ (ներողամտություն)

Այսօր Աստվածաշնչյան ըներցման մեջ կարդում ենք. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6:14): Ե՛կ, սիրելի՛ ընթերցող, Մեծ Պահքի մեկնարկն արդյունավորենք մարդկանց ներելու պատրաստակամությամբ, ներենք բոլորին, ովքեր մեղք են գործել մեր հանդեպ, ներենք բոլոր նրանց, ովքեր ցավեցրել են մեզ: Ինչո՞ւ: Որովհետև պահքի ամենաառաջին պայմանը ներողամտությունն է: Եթե Աստված Ինքը` Հիսուս Քրիստոս, լինելով «արդար և անարատ» (Ա Հովհ. 2:1), մեր հանցանքների և մեղքերի փոխարեն խաչը բարձրացավ ու ներեց նաև քո մեղքերը, ապա, որքան ևս առավել դո՛ւ պարտավոր ես ներել նրանց, ովքեր մեղանչել են քո առջև:
Եվ ինչպես որ դու կներես մարդկանց, այդպես էլ Երկնավոր Հայրը կների քեզ, կօրհնի և կզորացնի: Ների՛ր և եղիր ներված. Ամեն:

# 2 Օրվա Խորհուրդ  (ապաշխարություն)

Գաղտնիք չէ` պահքի նպատակն առաջնահերթ հոգու մաքրությունն է` ապաշխարությունն ու ազատագրումը ամեն տեսակ չարությունից, անիրավությունից ու մեղքից: Թե ինչպե՛ս պետք է հասնել այդ մաքրությանը այսօր մեզ պատգամում է Աստված. «Եկե՛ք խոսենք իրար հետ, -ասում է Տերը.-եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ։ Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները» (Ես. 1:18-19):
Աստծո հետ զրույցը` աղոթքը և մեղքերի խոստովանությունը ի զորու են մաքրել քեզ ու քո հոգին, միայն թե չդադարես խոսել Տիրոջ հետ և ինքդ լսես Նրա Սուրբ Խոսքը. Ամեն:
# 3 Օրվա Խորհուրդ                                                                     Ժողովրդական խոսքն ասում է. «Կարմիր կովը կաշին չի փոխի»: Աստծո Խոսքը, սակայն այս մտքին համամիտ չէ. Աստված գիտի, որ մոլորության խոտոր ճանապարհին հայտնված անձը կարող է շտկել իր սխալը, փոխվել ու դառնալ դեպի արդարությունը: Եթե դու հիմա Աստծուն մեջքով ես կանգնած, ապա ճիշտ ժամանակն է, որ լսես Տիրոջ ձայնը և դեմքով դառնաս դեպի Նա. «Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմածություն անի, – ապրելով ապրելու է ու չի մեռնելու։ Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրավությունները չեն հիշվելու, այլ իր գործած արդարության համար նա ապրելու է» (Եզեկ. 18:21-23):

#4 Օրվա Խորհուրդ  (հրեղեն աղոթք)

«… Աղոթեցե՛ք Տիրոջը անկեղծ սրտով» (Հովել 1:14). Եկեղեցու Սուրբ Հայրերը մարդուն համեմատում են նմանեցնում են բուրվառի, կրակը բուրվառի ներսում` մարդկային սրտի, իսկ խունկը` աղոթքի: Որքան թեժ է կրակը, այսինքն` կրակոտ ու անկեղծ է սիրտը, այնքան ավելի անուշաբույր կլինի քո աղոթքը: Պահքի ժամանակ ջանա ավելի բորբոքել սրտիդ հուրը և անկեղծորեն աղոթել Տիրոջը:

#5 Օրվա Խորհուրդ 

«Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Նրա [Քրիստոսի] հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռոմ. 6:6): Մեծ պահքի 7 շաբաթներն, արդարև, կարելի է անվանել Խաչի ճանապարհ: Այս ճանապարհը համբերության, փորձությունների ու հոգևոր զորացման անփոխարինելի մի ուղի է, որով այլևս խաչին ես գամում անցյալդ` հին մարդուն` լի մեղքով ու անիրավությամբ և այլևս չես լինում ստրուկը մեղքի, այլ խոնարհաբար ծառայում ես Հիսուս Քրիստոսին:

#6 Օրվա Խորհուրդ 

«Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով։ Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս»։ Աստծո պատգամած այս սուրբ պատվիրանը` «սիրի՛ր Աստծուն», փարոսի պես պիտի ուղորդի ու առաջնորդի քեզ: Այն պիտի լուսավորի ոչ միայն քեզ ու քո ճանապարհները, այլ նաև շրջապատդ` հարազատներիդ, ընկերներիդ:

#7 Օրվա Խորհուրդ 

Այսօրվ աստվածաշնչյան ընթերցման մեջ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ. 8:31): Իսկապե՛ս, մտածիր միայն. կյանքում այնքան շատ նեղությունների, դժվարությունների, անհաջողությունների ու հակառակությունների ենք բախվում, և դրանք հաղթահարելու ու ստեղծված վիճակից դուրս գալու փոխարեն հաճախ հուսահատվում ենք, անօգնական մեկուսանում ինքներս մեր մեջ` մոռանալով սակայն, որ մեր թիկունքին ամենակարող Աստված է կանգնած: Նրան ապավնի՛ր, Նրան հավատ և վստահ եղիր, որ ամեն բան հաղթահարելի է, եթե դու Աստծո կողմն ես:

#8 Օրվա Խորհուրդ  (կատարելություն)

Քրիստոնեությունը կատարելության կրոն է: Քրիստոնյան կոչված է կատարյալ լինելու, կատարյալ, ինչպես Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, որովհետև մարդը ստեղծված է ըստ Աստծո պատկերի (Ծննդ. 1:27): Սակայն մենք մեղքի ճանապարհով ավելի հաճախ կորցնում ու աղավաղում ենք այդ «պատկերը», քան լինում ու մնում այնպիսին, ինչպիսին մեզ Տերն է արարել, ինչպիսին Հիսուս Քրիստոսն է ուզում, որ մենք լինենք. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Ձգտի՛ր կատարելության:

#9 Օրվա Խորհուրդ  (ամենաանվտանգ ճանապարհը)

Այսօր աշխարհում համատարած վազք է, վազք հանուն ապահով ու բարեկեցիկ կյանքի: Հաճախ այս վազքի մեջ մարդ արարածն այնքան է կուրանում, որ նպատակին հասնելու համար գործում է անգամ սեփական խղճին ու Աստծուն դեմ: Աստծո Խոսքը, սակայն, ցույց է տալիս ամենաանվտանգ ճանապարհը.

#10 Օրվա Խորհուրդ  (կռապաշտություն)

Թվում է, թե հեռավոր անցյալում են ժամանակները, երբ մարդ արարածն առարկաներից աստվածություններ էր կերտում, երկրպագում դրանց և պաշտում, սակայն 21-րդ դարն էլ առատ է կուռքերով, որոնք իշխում են մարդու վրա, ստիպում խոնարհվել ու երկրպագել իրենց: Դրամ, հարստության մոլուցք, փառք, եսասիրություն… շարքը կարելի է շարունակել: Աստված Երեմիա մարգարեի միջոցով մեզ այսօր հիշեցնում է Իր դատաստանի մասին, որից չի խուսափի և ոչ մի «կռապաշտ».
«Ես դատ ու դատաստանով եմ խոսելու նրանց հետ՝ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանզի նրանք լքեցին ինձ և զոհեր մատուցեցին օտար աստվածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին (Երեմ. 1:16)»:
#11 Օրվա Խորհուրդ  (խաղաղություն)
Մարդկության պատմության մեջ չես գտնի ավելի մեծ չարիք, քան պատերազմենրը, որոնք որպես հետևանք
սփռում են մահ, ավերածություն, արյուն ու թշնամություն: Աստված, սակայն, խաղաղության ու սիրո
Աստված է, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը կոտրում ու ոչնչացնում է թշնամության ամեն նշույլ, և
Տերը խաղաղություն է ավետում.
«…Այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի, և մարդիկ այլևս չեն
սովորի պատերազմել» (Միք. 4:3):
 #12 Օրվա Խորհուրդ  (բարեգործություն)
«Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան» (Առակ. 3:27)։
Քրիստոնյայի գլխավոր առաքինությունը բարեգործությունն է: Մեծ պահքն ամենահարմար առիթն է բարիք
գործելու, օգնելու և ձեռք մեկնելու նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:

#13 Օրվա Խորհուրդ (պահել օրենքները և պատվիրանները)

«Պետք է պահես քեզ հաղորդած իմ պատվիրանները, օրենքներն ու կանոնները» (Բ Օր. 7:11):
Շատերս ենք ինքներս մեզ քրիստոնյա համարում, շատերս տիրապետում ենք քրիստոնեական որոշ գիտելիքների,
սակայն իրական քրիստոնյան իր հավատքը արտահայտում է միայն Աստծո պատվիրանները կատարելով և խոսքը գործի վերածելով:

#14 Օրվա Խորհուրդ  (ճշմարիտ հովիվ)

Քրիստոս Աստված ասում է.
«Ես եմ լաւ հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար»
(Հովհ. 10:11):
Իսկապես, ինչպես յուրաքանչյուր լավ հովիվ պատրաստ է հանուն իր գառների զոհել
սեփական կյանքը, այնպես էլ Աստվածորդին` Ճշմարիտ ու Բարի Հովիվը, զոհեց Ինքն Իրեն հանուն իր
Սուրբ Եկեղեցու, հանուն քրիստոնյաների` խաչվելով մեր մեղքերի ներման համար:

#15 Օրվա Խորհուրդ  (դարձ)

Աստծո համար գոյություն չունեն անդառնալիորեն կորած ու մոլորված մարդիկ: Տերը սիրով սպասում է
իր մոլորված ու մեղավոր որդիների դարձին դեպի Ինքը և սիրով ընդունում է մեզ.
«Աստծու հրեշտակների առաջ ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկ. 15:10):
 #16 Օրվա Խորհուրդ (փնտրել վերին բաները)
Եթե Հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը (Կող. 3:1): Մեծ Պաքի վերջնանպատակը Սուրբ Հարության տոնին «արժանորեն» պատրաստվելն է` մաքրելով հոգին մահվան տանող մեղքերից ու աղտերից, որպեսզի մենք էլ, նորոգվելով Քրիստոսի Հարության ավետիսով, Հարություն առնենք Քրիստոսի հետ:
Սուրբ Պողոս առաքյալը խրատում է` փնտրի՛ր «վերին բաները»` հարության արժանանալու համար:

#17 Օրվա Խորհուրդ (վստահություն)

Առողջ ու ապրեցնող հավատքը մեծ վստահություն է Աստծո հանդեպ, վստահություն, որը մշտապես ուղեկցվում է լավատեսությամբ.
«…Նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն» (Եբր. 11:6)։
 #18 Օրվա Խորհուրդ 
Մարդուն երբեմն այնպես է թվում, թե ինքն ապրում ու վայելում է կյանքը լիարժեքորեն, սակայն այն կյանքը, որն ընթանում է առանց Աստծո ներկայության, միանշանակ լիարժեք չէ: Նման կյանքը երբեք չի ստանա բավարարում. անհրաժեշտ է յուրաքանչյուրն օրն ապրել Աստծո անվամբ.
«Այո՛, կլինի այնպես, որ, ով որ կանչի Տիրոջ անունը՝ կապրի» (Հովել 2:31):

#19 Օրվա Խորհուրդ  (արդարություն և ճշմարտություն)

Կյանքում գոյություն ունեն արդարության և ճշմարտության բազում ըմբռնումներ, սակայն քրիստոնյայի համար ճշմարտության չափանիշը բացահայտվում է Աստծո Խոսքում. Աստված է արդարության և ճշմարտության աղբյուրը.
«Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը» (Ես. 45:19):

#20 Օրվա Խորհուրդ 

Կյանքում հաճախ է պատահում, որ կյանքի ինչ-ինչ բարձունքների հասնելիս մենք մեծամտաբար լցվում ենք անձնապաստանությամբ` կարծելով, թե ունեցածը սոսկ մեր ձեռքբերումն է: Սակայն կա մի պարզ ճշմարտություն, որ մոռանալ չի կարելի.
« Մի՛ ասա քո մտքում, թէ՝ «Իմ ուժով ու ձեռքի զորությամբ եմ տիրացել ես այս մեծ հարստության», այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստության հասնելու համար»:

#21 Օրվա Խորհուրդ 

«Ո՞վ կարող է պարծենալ, թե ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակվի ասել, թե ինքը զերծ է մեղքերից» (Առակ. 20:9)։
Մեծ Պահքի ապաշխարության այս շրջանը հիանալի առիթ է զննելու սեփական ներաշխարհը, հասկանալու ու կշռելու սեփական ծանր մեղավորությունը, որովհետև.
«Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ։ Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհ. 1:8-9):

#22 Օրվա Խորհուրդ (անկեղծ աստավածպաշտություն)

«Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է» (Ղուկ. 16:15)։
Այս խոսքը, որ Քրիստոս ուղղեց իրեն ընդդիմացողներին, այսօր մեզ` Քրիստոսի հետևորդներիս էլ շատ բան ունի ասելու: Որքան էլ մեր հավատքի և եկեղեցասիրության մեջ մարդկանց առաջ ջանանք ներկայանալ նախանձախնդիր, արդար ու սուրբ, միևնույն է` Աստված գիտի մեր սրտերը և տեսնում է, թե որքանն է նկեղծ և որքանը կեղծավոր ու ձևապաշտական: Այս վերջիններն Աստծո համար ուղղակի զազրելի են: Խորշի՛ր կեղծ աստվածպաշտւթյունից: 

#23 Օրվա Խորհուրդ (գործեր)

Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։ Որքան էլ որ ցավալի է, հաճախ քրիստոնյա` Քրիստոսի աշակերտ ենք անվանում ինքներս մեզ` երբեք ու երբեք չանդրադառնալով, որ միայն խոսքը կամ միայն ճշմարտության ընդունումը մեզ քրիստոնյա չի դարձնի: Անհրաժեշտ է սուրբ գործ, անհրաժեշտ է հոգևոր արարք ու սիրո գործուն պատասխանատվություն, որով միայն կարող ենք ապացուցել մեր` Քրիստոսի աշակերտը լինելը: Սուրբ Հակոբոս առաքյալն ասում է.
«Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտայայտող գործեր չունենա» (Հակ. 2:14)։
 #24 Օրվա Խորհուրդ (դատաստան)
«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը ծռել» (Հոբ 39:32)
– յուրաքանչյուրիս հարց է ուղղում Աստված: Թերևս հավատացյալ մարդու համար կյանքը բարեպաշտ, քրիստոնեավայել ու սրբությամբ ապրելու համար կարևոր մի խթան է Տիրոջ արդար դատաստանը, որից խուսափել չի հաջողվի ոչ ոքի` լինի նա հավատցյալ, թե` անհավատ: Աստծո դատաստանն անբեկանելի է: Ապրի՛ր այնպես, որ ապարդյուն չմտածես այն ծռելու մասին:

#25 Օրվա Խորհուրդ 

Կյանքն առանց փորձությունների ու դժվարությունների չի լինում: Ինչպես ոսկին է ազնվանում կրակի բոցերի մեջ, այնպես էլ մարդու հավատն ամրանում ու զորանում է հոգևոր փորձությունները հաղթահարելու ճանապարհով.
«Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր» (Սիրաք 2:1)։
 #26 Օրվա Խորհուրդ
«Վա՛յ է ինձ, եթե չավետարանեմ» (Ա Կորնթ. 9:16)։
Եթե քրիստոնյա ես, եթե Աստծո խոսքի հետևորդ ես, վաղ թե ուշ պարտավորություն ունես քո խոսքով ու գործով ավետարանելու` Քրիստոսի փրկության բարի լուրը տարածելու քո ընտանիքում, քո հարազատների ու ծանոթների շրջանում: Հակառակ դեպքում «վայ» է քեզ, քանի որ հոգ տարար միայն քո փրկության համար:

#27 Օրվա Խորհուրդ 

«Ահա՛վասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ» (Հայտն. 3:20):
Չնայած որ հաճախ մարդն Աստծուն փնտրում ու Նրա գոյությունն ուզում է նկատել սոսկ զգայական ու նյութական միջոցներով, այնուամենայնիվ Աստված միշտ ներկա է մեր կյանքում և բախում է մեր կյանքի, մեր սրտի, մեր հավատքի դուռը: Բավական է լսես Աստծո ձայնը, բացես դուռդ Նրա առջև և Քրիստոս պիտի լինի քո տան մշտական անդամը:

#28 Օրվա Խորհուրդ 

«Ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. 6:15)։
Ավետարանը` Քրիստոսի հաղթանակի բարի լուրը, այս կյանքում քրիստոնյաներիս ամուր քայլերի և խաղաղության կարևորագույն երաշխավորն է, հետևաբար ցանկացած մեկս պարտավուրությունն ունենք վարժվելու ու հմտանալու Քրիստոսի Ավետարանի` Աստծո Խոսքի գիտության մեջ:

#29 Օրվա Խորհուրդ 

«Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եվ չեն ասի, թե՝ ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:21-22)։
Աստված թագավորում է այնտեղ, որտեղ մարդն ընդունում է Աստծուն որպես թագավոր, և ինչպես վայել է Թագավորին, կատարում է Նրա անսխալական կամքը: Ուստի կերտի՛ր այդ թագավորությունը նախ ինքդ քո մեջ` Աստծո կամքը փնտրելով ու կատարելով:

#30 Օրվա Խորհուրդ 

«Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով» (Եբր. 1:1-2):
Արդարև Աստված մշտապես ներկա է եղել մարդկության կյանքում և ներկա է նաև այսօր յուրաքանչյուրիս կյանքում: Քրիստոս ներկա է և ամեն օր խոսում է մեզ հետ իր Սուրբ Հայտնության` Աստվածաշնչի և Սրբազան Ավանդության, Սուրբ Պատարագի, մեր աղոթքների և կյանքի «այլազան օրինակների» միջոցով: Մնում է միայն ականջալուր լինել Աստվածային ձայնին և վայելել Տիրոջ ներկայությունը:

#31 Օրվա Խորհուրդ 

«Ինչ խորհուրդ էլ անեք՝ Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք՝ չի հաստատվելու, քանզի Տեր Աստված մեզ հետ է» (Ես. 8:10)։
Այս խոսքը Տերը Եսայի մարգարեի շուրթերով ուղղում է նրանց, ովքեր չեն ընդունում Աստծո զորությունը, չեն հավատում Նրան և ամեն ջանք գործադրում են աստվածային փառքը նվազեցնելու, քրիստոնյաներին ճնշելու համար: Սակայն Տերը վստահեցնում է, որ Քրիստոսի հետևորդը այս խորհուրդներից չպիտի ընկրկի, այլ պետք է առաջնորդվի այս սկբունքով`
«Տեր Աստված մեզ հետ է» և «եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ 8:31):

#32 Օրվա Խորհուրդ 

Երբեմն մեզ թվում է, թե Աստծո Արքայությունը տարածելու համար բավարար գիտելիքներ ու կարողություններ չունենք, հաճախ խուսափում ենք գոնե մեր մերձավորների ու հարազատների շրջանում Աստծո ճշմարտությունը բարձրաձայնելուց` մտածելով, թե մեր շուրթերը իրավունք չունեն այդ անելու: Տերը սակայն Մովսես մարգարեի հետ զրույցի օրինակով հիշեցնում է.
«Ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պետք է ասել» (Ելք. 4:12):

#33 Օրվա Խորհուրդ 

«Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհ. 4:20-21)։
Քրիստոսով աշխարն ու մարդկությունը, բարոյականությունն ու օրենքները և անգամ սերը դրվում են նոր` ավելի բարձր մակարդակի վրա: Սիրիր Քո Տեր Աստծուն և սիրիր եղբորդ` մարդ արարածին առհասարակ: Առանց մեկի մյուսն ուղղակի կդառնա ինքնախաբեություն: Ապրենք սիրով և լինենք սիրված:

#34 Օրվա Խորհուրդ 

«Ես եմ Տեր Աստվածը, և չկա մեկ ուրիշը» (Ես. 45:5):
Կյանքում չափազանց կարևոր է ունենալ այն գիտակցումը, որ ցանկացած երևույթի, կյանքի ցանկացած դրսևորման սկիզբը և ավարտը Աստված պիտի լինի: Ամեն բան պետք է պայմանավորել ու կշռել Աստծո ճշմարտությամբ, հակառակ դեպքում ճշմարտության այլ չափանիշներ պիտի խուժեն մեր կյանք և այդ չափանիշները առաջդրողներն ակամա պետք է լինեն նոր աստվածներ մեր կյանքում: Քրիստոնյայի Աստված Մեկ է` Ամենասուրբ Երրորդությունը:

#35 Օրվա Խորհուրդ 

«Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ» (Փիլիպ. 1:21):
Տարօրինակ հնչող այս տողերը հավիտենական ճշմարտություն են պարունակում իրենց մեջ. եթե քեզ համար կյանքը Քրիստոսն է, եթե ապրում ես Քրիստոս Աստուծով, ապա մահը երբեք կորուստ չի կարող լինել, այլ միայն շահ, անգին գանձի` հավիտենական կյանքի ձեռքբերում:

#36 Օրվա Խորհուրդ

«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22:37-39)։
Փակ շղթա կազմած և մշտական փոխլրացման մեջ գտնվող այս պատվիրանի 2 կետերը կատարելու միջոցով կյանքի կոչած կլինես Քրիստոսի բոլոր պատվիրաններն անխտիր, քանզի
Աստված Սեր է (Ա Հովհ. 4:8):
 #37 Օրվա Խորհուրդ 
«Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է» (Ա Կորնթ. 12:4)։
Աստծո շնորհը, երկնային պարգևն ուրանալն ու սպանելը մեծագույն մեղք է: Պետք չէ տարբերություն դնել մարդկանց ունեցած շնորհների միջև, քազի դրանք բոլորը Աստծուց` Սուրբ Հոգուց են: Անհրաժեշտ է շնորհը պահել, պահպանել զարգացնել և ծառայեցնել Աստծո փառքին:

#38 Օրվա Խորհուրդ

Եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները. և եթե մի անդամը փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ Արդ, դուք մարմինն եք Քրիստոսի և անդամներ՝ նրա անդամներից (Ա Կորնթ. 12:26-17)։
Ահավասիկ առողջ հասարկության կատարելագույն բանաձևը՝ Քրիստոսի մարմինը հանդիսացող Սուրբ Եկեղեցին: Եթե ամենքս կարողանանք ապրել կողքինի ցավով և ուրախությամբ, ապա Երկնքի Արքայությունը արդեն մեր մեջ է:

#39 Օրվա Խորհուրդ 

«Նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին» (Զաք. 9:10):
Քրիտոսի լույսը, քրիստոնեության բերած հույսը Աստծուն ապավինողներին խաղաղություն է բերում, խաղաղություն, որը հարատև է, հոգևոր ու չափազանց կարևոր մարդկության համար, խաղաղություն, որը սեր է ծնում:

#40 Օրվա Խորհուրդ

Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Տանելու եմ ձեզ Իսրայելի երկիրը։ Ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Իմ Հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք (Եզեկ. 37:12-14)։
Եզեկիելի մարգարեության հոգեշունչ այս տողերը քրիստոնեական հավատքի հույսի հիմքն են. ցանկացած մեկս, քրիիստոնյա լինելով, պետք է կյանքն ապրի այնպես, որ մահվանից հետո, երբ հասնի Քրիստոսի Երկրորդ գալուստը, կարողանա արժանանալ Աստծո Հոգով վերստին կենդանանալու հավիտենական կյանքի համար:

#41 Օրվա Խորհուրդ 


Լսեցե՛ք ինձ դուք, սրտով մոլորուածնե՛րդ և արդարությունից հեռացածներդ. մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի (Ես. 46:12-13):
Պահքի կարճատև այս շրջանը նպատակաուղղված է հատկապես «սրտով մոլորուածներին և արդարությունից հեռացածներին» ուղղելուն և ճիշտ ընթացքի մեջ դնելուն: Դրա համար Սուրբ գիրքը առաջ է քաշում 2 կարևոր պայման` լսել Աստծո Խոսքը, հաղորդ դառնալ Տիրոջ արդարությանը, և չի ուշանա փրկությունը նրա, ով նախկինում հեռու էր փրկությունից:

#42 Օրվա Խորհուրդ 

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգետ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն։ Եթե հավատում ենք, թե Հիսուս մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին ետ կյանքի պիտի բերի նրա հետ (Ա Թես. 4:12-13):
Առաքյալի հորդորը այսօր չափազանց արդիական է հնչում, քանզի մարդ արարածը շարունակում է «անգետ» լինելով ստրկանալ մահվան առջև` իրեն մատնելով տխրության, լացի, ողբի, և անհուսության: Մի՛ մոռացիր. «Եթե հավատում ենք, թե Հիսուս մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին ետ կյանքի պիտի բերի նրա հետ»:

#43 Օրվա Խորհուրդ

Հաճախ թվում է, թե պահքը կամ առհասարակ հոգևոր կյանքն ու ապրումը արտաքնապես պետք է արտահայտվեն մռայլ, ինքնամփոփ ու տխուր պահվածքով: Սակայն Սուրբ Պողոսը մեզ հորդորում է.
«Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 4:4)։

#44 Օրվա Խորհուրդ

Մեկնարկեց Ավագ շաբաթը, կարճատև մի ճանապարհ, որով ընթանալով պիտի բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, ամբողջացնենք մեր ապաշխարությունը և փրկության հույսով դիմավորենք Տիրոջ փառավոր Սուրբ Հարությունը.
«Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց» (Ես. 40:5):

#45 Օրվա Խորհուրդ

Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը (Մատթ. 25:13):
Փրկչի` արթուն մնալու այս կոչը, անշուշտ, ֆիզիկական արթնության կամ չքնելու մասին չէ, այլ հոգևոր արթնության, զգոնության և ուշիմության մասին է: Անհրաժեշտ է աղոթքներով, բարի գործերով և սրբությամբ արթուն պահել եր ներսում զորացող հավատքը և չննջել հոգով, որպեսզի երբ անակնկալ հասնի Քրիստոսի Երկրորդ գալուստը, պատրաստ լինենք այն դիմավորել մեր արթնությաբ:

#46 Օրվա Խորհուրդ

Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա (Ծննդ. 18:14):
Այս խոսքերի նախապատմությունը հետևյալն է: Աբրահամ նահապետին այցելում են Աստծո երեք պատգամավորներ ու հայտնում, որ ինքը, չնայած իր զառամյալ տարիքին, որդի է ունենալու: Սա զարմանք ու կասկած է առաջացնում Աբրահամի և նրա կին Սառայի մոտ, և այդ ժամանակ հյուրերը հարցնում են. «Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա»: Այո, իսկապես կյանքի տարբեր պայմաններից դրդված հաճախ մոռանում ենք Աստծո ամենազորության, ամենակարողության մասին, մոռանում, որ նա է ամեն բարության հեղինակ և կասկածի ենք առնում Տիրոջ հրաշքը: Սակայն բավական է չկասակածել, այլ միայն հավատալ և հրաշքը մեր կյանքում պիտի դառնա իրականություն:

#47 Օրվա Խորհուրդ

«Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ» (Հովհ. 14:17)
,- ասաց Փրկիչն այս աշխարհը լքելուց առաջ։ Այո, թեև շուրջ 2000 տարի է ինչ Քրիիստոս Հարություն է առել, այնուամենայնիվ քրիստոնյան որբ չի մնացել. Աստված միշտ եղել է մեզ հետ, օգնել, զորացրել, օրհնել ու առաջնորդել է կյանքի բոլոր օրերում:

#48 Օրվա Խորհուրդ

Այսօր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչելության և Թաղման հիշատակի օրն է: Վերջին խոսքը որ Քրիստոս Աստված սոսկալի տանջանքների մեջ արտաբերեց խաչի վրա, այս էր.
«Ամեն ինչ կատարված է» (Հովհ. 19:32):
Տիրոջ խաչելութաբ և սուրբ արյան հեղումով վերջնականապես կատարվեց այն, ինչ համար Աստված մարդացել էր. Քրիստոսի արյամբ սրբվեցին մարդկության մեղքերը, պարտվեց սատանան, և մարդու` Աստծով փրկությունը դարձավ առավել քան իրական: Խաչը, որ մահվան սոսկալի գործիք էր, Քրիստոսով դարձավ փրկության կամուրջ Աստծո ու մարդու միջև:

#49 Օրվա Խորհուրդ

«Մի՛ վախեցեք, դուք Հիսուսին էք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. նա հարություն առավ» (Մարկ. 16:6):
Մի քանի ժամից ընդամենը ավարտին կմոտենա քրիստոսնյաներիս պահեցողությունը և մեր առջև իր վարագույրները պիտի բացի Քրիստոսի Սուրբ Հարությունը, որով ճշմարիտ քրիստոնյաների կյանքից պիտի վերանան մահվան հանդեպ բոլոր տեսակ վախերը, կասկածներն ու արցունքները: Քրիստոսի Սրբասուրբ Հարության շնորհիվ մենք ոչ միայն ապրում ենք այս աշխարհում` մեր ֆիզիկական գոյությունը պահպանելով այլև հույսն ենք ստանում հավիտենական կյանքի: Քրիստոս եկավ, ապրեց մեզ հետ և Հարություն առավ, որպեսզի մենք էլ Իր հետ ապրելով կարողանանք Հարության արժանանալ:

#50 Օրվա Խորհուրդ  (Սուրբ Զատիկ)

Քրիստոս Հարություն առավ վեռյալներից. Իր մահով ոչնչացրեց մահը և Իր Հարությամբ մեզ կյանք պարգևեց: Նրան փառք հավիտյանս ամեն: Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

No comments:

Post a Comment