Saturday, August 3, 2013

Պետք չէ թունավորել երեխաներին գունեղ սննդով

Վերջերս չափազանց շատ եմ ականատես լինում դեպքերի, երբ երեխաները չարաշահում են   առանց այդ էլ  իրենց համար  շատ վտանգավոր, անգամ հակացուցված սննդի ու խմիչքի  օգտագործումը:


Սարսափելի է անգամ պատկերացնել այն տեսարանը եվ  հիստերիայի նոպաները, որ փոքրիկները սարքում են իրենց պահանջած կոնֆետը կամ գազավորված ըմպելիքը չստանալու դեպքում: Զարմանում եմ ուղղակի, ինչպես են ծնողները երեխաներին անգամ մոտ թողնում այդ չարիքներին, որ նույնիսկ մեծերի կյանքի համար է երբեմն վտանգավոր լինում:
Ստացվում է, որ երկու դեպքում էլ երեխայի առողջությանը մեծ վնաս է հասցվում. մի դեպքում փոքրիկի «խաթրով գնալու» համար տալիս են նրան այն՝ ինչ պահանջում է, վնաս հասցնելով  նրա՝ դեռ զարգացման փուլում գտնվող օրգանիզմին, իսկ մյուս դեպքում մերժում են՝ դառնալով նրա շարունակական լացի, հիստերիայի նոպաների ու ագրեսիվության պատճառ:

Հաճախ եմ լսում.«ախր տես ոնց է ուզում,ո՞նց մերժեմ»,- արտահայտությունը:
Պարզ չէ՞, որ եթե փոքրիկը փորձած ու հավանած չլիներ,նրա համար այդքան ցանկալի չէր դառնա տվյալ կոնֆետը կամ ըմպելիքը:
Թվում է՝ ելք չկա: Իրականում այս ամենից կարելի  է խուսափել  գրագետ ու ճիշտ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ, դեռևս երեխայի զարգացման ամենավաղ փուլում, չդարձնելով նրան այն բոլոր վատ ու վտանգավոր սովորությունների գերին, որոնց դեմ հետո ստիպված կլինեք պայքարել:
Կարծում եմ  գրագիտության ու վտանգի զգացողության պակասից է միայն, որ մեր որոշ «խելոք» մեծերը երեխային կարող են ալկոհոլ տալ,մեկնաբանելով, որ մի կաթիլը նրան ոչինչ չի անի, ավելին՝ հանգիստ մուշ-մուշ կքնի:Մանկահասակ երեխաներին հատկապես հեշտ է «խաբել» նաև տարատեսակ  «համեղ ու գունավոր»  թույներով՝ գազավորված ըմպելիքներ, մաստակներ, անորակ շոկոլադ, թխվածք, պաղպաղակ,չիփսեր, ձողիկներ....



Այդ պահին  թվում է, թե բոլորը գոհ են՝ երեխան «սնվում» է, ամենակարեվորը՝ ԼՈՒՌ Է, չի լացում, չի բողոքում, իսկ ծնողները հանգիստ կարող են զրուցել ու զբաղվել իրենց գործերով: Իրականում ծնողներն իրենք իրենց ձեռքով երեխային հանձնում են ամենավտանգավոր թշնամու՝ կախվածության ձեռքը, որից ազատվելը հետագայում նրանց համար դառնալու է մեծ գլխացավանք, անհավասար պայքար, որ ոչ միշտ է ունենում դրական ավարտ՝ ի օգուտ առողջ փոքրիկի եվ անհոգ ծնողի:




Ավելորդ եմ համարում անգամ խոսել վերոհիշյալ սննդամթերքների վնասակար ազդեցության մասին, քանի-որ համոզված եմ՝ յուրաքանչյուրիս է հայտնի հենց օրինակ գազավորված ըմպելիքների բթացնող ազդեցությունը և այն, որ այս ըմպելիքները վատ ազդեցություն են ունենում հատկապես հիշողության,ընկալելու ունակության եվ  ուղեղի զարգացման վրա: Կամ, օրինակ, ու՞մ հայտնի չե ճարպակալմանը և օրգանիզմում խոլեստերինի ավելացմանը նպաստող շոկոլադե սալիկների, չիփսերի ու դոնաթսների վնասակար  ազդեցությունը:
Ցանկացած պարագայում,սնունդ ընտրելիս, լինի դա մանկիկի, թե մեծահասակի համար, պետք է լինել առավելագույնս զգոն և  խելամիտ, հետևել ժամկետների ճշգրտությանն ու բաղադրիչների թարմությանը:
Իսկ երեխաների պարագայում եկեք փոքր ինչ ավելի հետևողական լինենք. չէ՞  որ նրանց օրգանիզմը դեռ շատ փխրուն է ՝ բարենպաստ միջավայր տարատեսակ հիվանդությունների ու վարակների առաջացման ու զարգացման համար:
Եվ  ի վերջո՝  երեխան երեխա է, պատասխանատուն այս դեպքում մենք ենք՝ մեծերս:


No comments:

Post a Comment