Friday, April 4, 2014

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


Սվետլանա Զաքարյան
Ծնվել է` 1 հունիս, 1937,Վրաստանի Ախալցխա քաղաքում: Եղել է երգիչ, մանկավարժ Խորեն Պալյանի կինը: Մանկությունից ցուցաբերել է մեծ հետաքրքրություն դեպի երգարվեստը: 1952թ. տեղափոխվել է Երևան և հաճախել տեղի երաժշտական դպրոց: 1957թ. ընդունվել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժին, որտեղ արդեն նկատվել է երգչուհու տաղանդը: 1970-83թթ եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: Այդ ընթացքում նաև երգել է Էջմիածնում` հայկական առաքելական եկեղեցու երգչախմբում: Գերազանց կատարել է միջազգային օպերային, ինչպես նաև` հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն: Դեռևս սովետական տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ: Մեծ ռեպերտուարի շնորհիվ` նրա երգերը ներգրավվել են համաշխարհային բազմաթիվ հավաքածուներում, այդ թվում` Ռուսաստանում թողարկված «Ավե Մարիա» երաժշտական ալբոմում: Հրաշալի և անթերի է կատարել Կոմիտասի հոգևոր երգերը և տաղերը: 1972թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

«Սուրբ էր: Այդ սրբությունը ես ընկալում եմ որպես նրա հիմնական գաղտնիքը: Այդպիսի մաքրություն, առավել ևս մեր ժամանակներում»,- Էդվարդ Միրզոյան
«Ես նրան հանդիպած եմ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովանու եկեղեցվո մեջ: Ինչ կրնամ ասել. աստվածուհուն պես աղջիկ մըն էր ինքը, սրբացած, ճիշտ է' երկինքեն չէր իջած, բայց եթե երկրորդ գալուստ մը ըլլար, ոչ մեկը չէր կրնալ ըլլալ այն անձը, այն պարունակը, որ Լուսինեն կրնար ըլլար: Իր ձայնը բարձրացնում է երկինք, ես չեմ հավատար, որ մարդկային մտածելակերպով կրնանք մենք արժևորել զինքը, միայն հոգիի ճամփով կուզենք գնանք, որովհետև ամեն անգամ իր «Տեր ողորմեան» ու «Սուրբ-սուրբը» մեր ներսը փոթորիկ կստեղծեն, ականջներուս մեջ է, տակավին, իր ձայնը Սան Ֆրանցիսկոյի սուրբ Հովանու եկեղեցվո մեջ»: Տաթև քահանա Գալուստյան


«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբ», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն՝ իր այդ երգեցողության և նրան ի վերուստ տրված շնորհի համար»Կաթողիկոս Վազգեն Առաջին

 «Հերթական շրջագայությունների ժամանակ Խորեն Պալյանը պատմեց իր և Լուսինեի սիրո պատմությունը. փախել էին Եղեգնաձորի գյուղեր, դրա մասին իմացել էր Վազգեն Առաջինը, բարկացել ու կարգալույծ արել»,- պատմում է Խորեն Պալյանի երգչախմբի սան Թամարա Սահակյանը:
Դրանից հետո անցավ որոշ ժամանակ: Վեհափառի զայրույթը փոքր-ինչ անցավ: Ու նրանք երկուսն էլ իրենց ազգանվեր գործը շարունակեցին: Լուսինեի եզակիությունը նրա պատմական դերի մեջ էր: Նա եղավ հայ երգի վերածնության առաքյալ: Առաքյալներին վիճակված է դժվար ճանապարհ, բայց նաև անմահություն:
 «Մենք, որ նրա ժամանակակիցներն էին, զգացինք, թե ինչպես է տարիների ընթացքում Լուսինեն հենց ինքը ազդում  ժամանակի վրա, թանձրացնում նրա գույները, ազգային գույները և օր օրի դառնում ավելի մատչելի, ժողովրդին հասու»Սիլվա Կապուտիկյան

«Մի օր կանչում է Ֆիլհարմոնիայի ղեկավարությունը երգչախմբի բոլոր անդամներին և հայտարարում, որ հրաման կա կենտրոնական կոմիտեից, որ ովքեր երգում են Մայր տաճարում, պիտի թողնեն այնտեղ երգելը կամ կզրկվեն Ֆիլհարմոնիայում երգելու հնարավորությունից: Միայն Լուսինեն էր, որ չհամաձայնեց դրան: Այդ մասին իմանալով՝ Վեհափառը շատ էր հուզվել: Եվ իսկապես աղջիկը շարունակեց երգել»,- պահպանվել է Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի հիշողություններում:

«Հռոմի Պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում: Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն»Լևոն Միրիջանյանը

«Երկու օր էր, ինչ Հայաստանում էր, եկավ մեր տուն, դրեց նոտաները, նվագեց, Լուսինեն ասաց' երգեմ: Առնոն' բա կարո՞ղ ես: Դե Առնոն էլ հո նվագել չունե՜ր. նա էլ դաշնամուրի աստվածն էր: Վերջացնելուց հետո ապշել էի, առանց բառերի՝ «ա»-երով շա~տ լավ էր»,- հիշում էր Խորեն Պալյանը:

«Համերգներից առաջ, ցերեկը երբ զանգում էի, ուժ չուներ խոսելու: Հարցնում էի՝ ո՞նց ես երգելու, պատասխանում էր' Աստված ինձ կօգնի: Կուլիսներում եթե աթոռ չլիներ, կընկներ: Բայց դուրս գալով բեմ' այլևս այն Լուսինեն չէր»,- պատմում է ընկերներից Նինա Հարությունյանը:


«Երբ երգում վերջացնում էր, աղաչական հայացքով նայում էր մեզ, կարծես ասում էր' մի հատ էլ երգե՞մ»Սիլվա Կապուտիկյան

«Մենք աշակերտներով մի անգամ գնացինք Լուսինեին հիվանդանոցում տեսնելու, անընդհատ հիվանդ էր, շատ վատ էր, բայց երբ կապույտ շորերը հագնում էր, զարդերը դնում էր ու բեմ բարձրանում, մոռանում էր բոլոր ցավերը: Եվ երգում էր անվերջ: Լուսինեն չէր ուզում հանգստանալ. երբ մի օր ես նրան հարցրի, թե չի հոգնում երգելուց, մանավանդ, որ հիվանդ է, նա ասաց. «Ես վախենում եմ համերգի ավարտից, որովհետև երբ ավարտվում է, ես հիվանդանում եմ»: Նա ճնշում ուներ, շաքարն էր բարձր: Ես չեմ տեսել նաև այնպիսի մեծարում ու նվիրում, որ ուներ Խորենը Լուսինեի նկատմամբ: Նրա համերգներին Խորենը նստում էր ամենավերջին նստարանին՝ աչքերը փակած, վերացած...» ,- պատմում է ընտանիքի ընկերներից Նազենի Գրիգորյանը:

ԵՊՀ Արևելագիտության դեկան Գուրգեն Մելիքյանը հիշում է. «Երբ հիվանդանոցում էր, գնացի այցելության: Արդեն շատ վատ էր: Դա մեր վերջին հանդիպումն էր, ես գնում էի Ղարաբաղ պատերազմի, այլևս կենդանի չտեսա...»:
Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում:Նրա հիշատակին Վազգեն Առաջինը ասել էր. «Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ' երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել»:
Լուսինե Զաքարյանի մահից հետո Խորեն Պալյանը կարծես որբացել էր, նա նույնիսկ ենթադրում էր, որ նորից վարդապետությանը կվերադառնա, բայց հետո գիտակցեց, որ մեծ պարտք ունի կատարելու, որ պետք է շարունակի իր գործը. աշակերտներ դաստիարակի ու պահի Լուսինեի հիշատակը:
Նրանք ժառանգներ չունեցան...
Գուրգեն Մելիքյանը այս ընտանիքի լավագույն բարեկամներից է և նրանց մասին խոսում է խոր ակնածանքով ու կարոտով. «Նրանց կարիքը շատ եմ զգում, շատ եմ կարոտում, նույնիսկ այն, որ երկար կարող էինք նստել Խորենենց տանը և զրուցել»:
Լուսինե Զաքարյանը թաղված է Սուրբ Գայանե վանքի բակում, իսկ Խորեն Պալյանի մահից հետո, բազմաթիվ մտավորականների խնդրանքով, Կաթողիկոսը թույլ տվեց  նրա աճյունը եւս ամփոփել Էջմիածնում:

No comments:

Post a Comment